Հայաստանի բնակիչները նույնպես կկարողանան տեսնել Պերսեիդի երկնաքարերի հոսքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայկական աստղագիտական միավորման համանախագահ Արեգ Միքայելյանը:

Նա նշեց, որ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը երկնաքարային հոսքն իր գագաթնակետին կհասնի. «Որպեսզի այս տեսարժան երեւույթին ականատես լինեք, հարկավոր է քաղաքից դուրս գնալ՝ քաղաքային լույսերից հեռու»:

Նշենք, որ երեւույթը ծագում է այն պահին, երբ Երկիրն անցնում է փոշեհատիկների օղակով, որոնք արձակում է Սվիֆթ-Թութլյա գիսաստղը: Այն հայտնագործել են 19-րդ դարում, որը 130 տարին մեկ անգամ վերադառնում է Արեգակի մոտ: Փոշեհատիկի չափ ունեցող փոքր մասնիկներն այրվում են մթնոլորտում, որի հետեւանքով «աստղային անձրեւ» է սկսվում: Հաճախականությունն աստիճանաբար աճում է, հասնում գագաթնակետին, այնուհետեւ աստիճանաբար մարում: Որպես կանոն՝ հոսքը սկսվում է հուլիսի 17-ին եւ շարունակվում մինչեւ օգոստոսի 24-ը, առավել ակտիվություն դիտվում է օգոստոսի 12-ին. այդ օրը մեկ ժամում շուրջ 60 երկնաքար է ընկնում: Այս տարի աստղագետները հույս ունեն, որ դրանք ավելի շատ կլինեն՝ 80-100: Առավել մեծ հոսք նկատելի կլինի օգոստոսի 12-ին, ժամը 23:00-ից մինչեւ օգոստոսի 13-ի 11:00-ն: