«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ։
Մինչ այդ՝ շաբաթ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչները առգրավել են նրա համակարգիչը՝ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի անձնական հրամանով։ ՔԿՀ ծառայողները որեւէ հոդվածով չեն բացատրել իրենց գործողությունները, սակայն խոստացել էին երկուշաբթի օրը վերադարձնել համակարգիչը։ Երեկ «Կոշ» տեղափոխվելուց առաջ Փաշինյանը գրավոր դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանին եւ պահանջել անհապաղ իրեն վերադարձնել առգրավված համակարգիչը, հակառակ դեպքում այն ուղարկել «Կոշ» ՔԿՀ։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ այս պահի դրությամբ համակարգիչը դեռեւս չի վերադարձվել իր պաշտպանյալին։ «Հույս ունենք, որ այս խնդիրը կլուծվի»,-ասաց պաշտպանը՝ հավելելով. «Տեւական ժամանակ է՝ համակարգիչը Փաշինյանի մոտ է եղել, որով նա իր պաշտպանությունն է իրականացրել՝ համապատասխան փաստաթղթեր է ձեւակերպել։ Այժմ էլ, քանի որ Փաշինյանի գործով գանգատն ուղարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, համակարգիչը կենսական անհրաժեշտություն ունի՝ համապատասխան ձեւով գանգատը հիմնավորելու համար»։ Պաշտպանը նաեւ նշեց, որ համապատասխան միջոցներ է ձեռնարկելու, որպեսզի համակարգիչը հնարավորինս շուտ վերադարձվի իր պաշտպանյալին։
Նշենք, որ Փաշինյանի պաշտպանները երեկ տեսակցել են նրան։ Այսօր եւս, ինչպես ասաց Վարոսյանը, պատրաստվում են կրկին այցելել իրենց պաշտպանյալին։




























