Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի սկսած շինարարության դեմ այսօր՝ օգոստոսի 13-ի առավոտից բողոքի ցույց անող մի քանի տասնյակ դասախոսների, ուսանողների եւ կուսակցության ներկայացուցիչների միջեւ անընդհատ ընդհարումներ են լինում (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՕԵԿ երիտասարդները եւ Ագրարարայինի ուսանողներն անընդհատ քաշքշում են իրար, եւ միայն ոստիկանների միջամտությամբ է, որ ծեծկռտուք չի լինում:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ցուցարարներին ցույց տվեց 2008թ.-ի քաղաքապետարանի որոշումը, որով տարածքն իրենց է հանձնվել, նաեւ ասաց, որ որոշման մասին համալսարանի ղեկավարությունը տեղյակ է եղել:
«Պրոռեկտոր Թարվերդյանի որոշմամբ է այս տարածքը հանձնվել մեզ, գնացեք ձեր պրոռեկտորից հարցրեք՝ ինչ է դրա դիմաց վերցրել, որ տարածքը տվել է, ձեզ էլ դրա մասին տեղյակ չի պահել»,- ասաց Հովհաննես Մարգարյանը, ինչին ցուցարարներն արձագանքեցին «ստախոս, սուտ ես խոսում» բղավոցներով:
Անդրադառնալով ցանկապատը քանդելուն՝ ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ զրույդում ասաց, որ պետք է քրեական գործ հարուցել Ագրարայինի աշխատողների դեմ:
«Քիչ էր մնում՝ ցանկապատն իմ գլխին գցեին: Պետք է քրեական գործ հարուցվի իրենց դեմ խուլիգանության համար: Բացի դրանից՝ մի հատ ջահել գիտնական չկա, որ 70 տարեկան ռեկտորին փոխեն: Ո՞վ է տեսել, որ Ագրարային համալսարանը լինի Երեւանի սրտում, անընդունելի է, դա պետք է լինի մարզերից մեկում: Մենք պահանջելու ենք նախագահից, որ Ագրարային համալսարանը տեղափոխեն մարզ»:
Նշենք, որ այսօր տեղի ունենար Ագրարայինի երթը դեպքի կառավարության շենք:
Հիշեցնենք, որ ՀԱԱՀ աշխատակիցները բողոքում են, որ ՕԵԿ-ը շինարարություն է սկսել համալսարանին պատկանող տարածքում: ՕԵԿ անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ իրենք անտեղյակ են եղել քաղաքապետարանի նման որոշումից, նրանք պնդում են, որ այն օրինական չէ եւ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին: Հարցին լուծում տալու համար կողմերը դիմել են դատարան, ինչն էլ միջանկյալ որոշում է կայացրել թույլ չտալ ՕԵԿ-ին շինարարական աշխատանքներ կատարել տարածքում մինչեւ վիճահարույց տարածքի վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելը: Դատարանի որոշմամբ ՕԵԿ-ը կարող է միայն վերականգնել Ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի շինության տանիքը, որը նա ապամոնտաժել էր: Վճռից հետո ՕԵԿ-ը շարունակում է շինարարական աշխատանքները, ՀԱԱՀ անձնակազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:













