Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) եւ ԱՄՆ Այովա նահանգի հանրային ծառայությունների խորհուրդը փոխհամաձայնության հուշագիր են ստորագրել: Սա արդեն ԱՄՆ չորրորդ նահանգի համանման հանձնաժողովն է, որի հետ ՀԾԿՀ-ն ստորագրում է հուշագիր: Նախկինում նման համաձայնագրեր կնքվել են Վաշինգտոնի, Քենտուկիի եւ Փենսիլվանիայի ներկայացուցչությունների հետ:

Հուշագրերի ստորագրումը հովանավորում են ԱՄՆ Հանրային ծառայությունների ազգային ասոցիացիան եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Հայկական կողմը դրա շնորհիվ հնարավորություն է ստանում ծանոթանալ կարգավորման ամերիկյան փորձին, տեղի է ունենում կադրերի վերապատրաստում: Այովայի պատվիրակության ղեկավար Ռոբ Բերնստենի խոսքով` իրենք եւս Հայաստանի փորձը ուսումնասիրելու նպատակ ունեն: Նա երեկ եղել է Կասկադում եւ զարմացել, թե որքան նմանություն կա այնտեղի արձանների, արտաքին ձեւավորման եւ Այովայի նմանատիպ այգու միջեւ: Հատկապես նրան զարմացրել է Նոմակ անունը կրող արձանը, որի նմանօրինակը կա նաեւ Այովայում: «Իհարկե կան նաեւ որոշ տարբերություններ, սակայն այդ տարբերություններն ու նմանությունները բնութագրում են մեր երկրների կարգավորման համակարգերի համագործակցությունը»,- ասել է Բերնստենը: