ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մի քանի տասնյակ քաղաքացիների հետ այսօր՝ օգոստոսի 14-ին, նախագահական նստավայրում նամակ հանձնեց, որով պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։

«Անաչառ գնահատական տվեք Ձեր ձախողումներին եւ հաշվի առեք, որ նման իրավիճակներում աշխարհի բոլոր երկրներում քաղաքական ուժերը հրաժարական են տալիս։ Մեր հրապարակային այս քայլով կամենում ենք, որ կատարեք միակ ողջախոհ քայլը, այն է՝ հրաժարվեք իշխանությունից»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Պարույր Հայրիկյանը։

ԱԻՄ-ականները նշեցին, որ նամակը հանձնում են այսօր, երբ նախագահն արձակուրդում է, քանի որ միեւնույնն է՝ Սերժ Սարգսյանն իրենց չէր ընդունելու: Առաջիկայում Պարույր Հայրիկյանն ու իր համախոհները պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել, իսկ ԱԻՄ առաջնորդը գուցե հացադուլ սկսի:

 Նշենք, որ նմանատիպ «հրաժարական տալու բարեկամական պահանջով» ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր համախոհների հետ միասին նախագահի նամակների բաժին նստավայր հանձնել էին հուլիսի 22-ին, որը մնացել էր անարձագանք։