Նյու-Ջերսիից մի կին, ով մշտապես կրծել է եղունգները, կարողացել է հաղթահարել այդ վատ սովորությունը՝ 35 սմ երկարությամբ մագիլներ աճեցնելով:

53-ամյա Լարա Դրամոնդը հիշում է, որ 13 տարեկանում սուպերմարկետում երկար եղունգներով մի կնոջ է տեսել:

«Ես համարձակվեցի խոսել նրա հետ: Նա ինձ ասաց, որ եթե հոգ տանեմ եղունգներիս մասին, դրանք էլ իմ մասին հոգ կտանեն: Այդ պահից ես սկսեցի եղունգներս երկարացնել եւ տարվեցի դրանցով»,- ասել է նա:

Այդ պահից ի վեր տիկին Դրամոնդի մոլուցքը երբեք չի մարել: Կինը շուրջ 16 հազար դոլար է ծախսել եղունգների խնամքի համար, որոնց իր «երեխաներն» է անվանում:

«Ուր էլ գնամ՝ մարդիկ կանգնեցնում են ինձ, հարցնում եղունգներիս մասին: Ես միշտ ուրախ եմ խոսել դրանց մասին: Առավել հաճախ տրվող հարցն է՝ ինչպես եմ լոգանք ընդունում»,- «Mail Online»-ին պատմել է կինը:

Դրամոնդը, ով արդեն 8 թոռնիկ ունի, պնդում է, որ երկար եղունգներն ամենեւին չեն խանգարում իրեն աշխատել. «Թոռներս չեն վախենում իմ եղունգներից, բայց ստիպված եմ միշտ զգույշ լինել, որպեսզի նրանց չվնասեմ»:

Ընդ որում, կինը, այնուամենայնիվ, որոշ անհարմարություններ ունենում է, բայց արագորեն հաղթահարում է դրանք: «Երբեմն ինձ հարկավոր է լինում նոր եղանակներ գտնել՝ հասարակ գործեր անելու համար: Օրինակ, երբ օգտագործում եմ հեռախոսս, մատներիս ոսկորներն եմ կիրառում: Բայց կան բաներ, որոնք չեմ կարող անել: Աղջիկներս երբեմն օգնում են կոշիկի թելերը կապելիս կամ զարդեր կրելիս»,- հաղորդում է «FedPost.ru»-ն: