Ս.թ. մայիսի 20-ին կառավարությունը որոշեց «բրենդի» խմիչքի համար օգտագործել նաեւ «արբուն» անունը: Այս որոշումը իսկական խառնաշփոթ մտցրեց անվանումների մեջ: Չգիտես ինչու՝ լրատվամիջոցները որոշեցին, որ «կոնյակը» վերանվանվում է «արբուն»: Նույնիսկ արտասահմանյան մամուլում նման հրապարակումներ են եղել: Իրականում կառավարությունը բոլորովին այլ բան է նկատի ունեցել, պարզապես պատշաճ կերպով դա չի լուսաբանվել: Այսօր հրավիրած ասուլիսում Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը որոշ պարզաբանումներ տրամադրեց: Նրա խոսքով` գոյություն ունի իրենց արտադրանքը բնորոշող 3 անվանում` «հայկական կոնյակ», «արմյանսկի կոնյակ» եւ «հայկական բրենդի»: Այս տերմինները օգտագործվում են՝ կախված աշխարհագրությունից եւ տառաձեւերից: Օրինակ` կիրիլիցայի դեպքում կիրառվում է армянский коняк անվանումը: Որեւէ փոփոխություն այս տերմինների մեջ չի կատարվել: Վերանվանվել է ընդամենը «բրենդի» խմիչքը, որը բնավ էլ հայկական կոնյակը չէ, քանի որ կարելի է պատրաստել դրսից ներկրված սպիրտով, սովորաբար տեղական սպիրտը 60 տոկոս է, իսկ ներմուծվածը` 40: Ընդ որում` Արա Գրիգորյանը նույնիսկ տեղյակ էլ չէր, արդյո՞ք «արբուն» վերանվանված «բրենդին» Հայաստանում արտադրվում է, թե՞ ոչ:

Հայաստանի օրենսդրության համաձայն` հայկական կոնյակը կարող է պատրաստվել բացառաապես Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում աճեցված խաղողից, որը հնեցվում է առնվազն 36 ամիս:

Նշենք, որ Լիսաբոնում կնքված Ծագման տեղանունների պահպանության եւ դրանց միջազգային գրանցման մասին միջազգային համաձայնագրով, որին միացել է նաեւ Հայաստանը, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության Մտավոր սեփականության իրավունքների առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրով՝ արգելվում է «կոնյակ» անվանումով խմիչքների շրջանառությունը համաձայնագրի անդամ երկրներում: «Կոնյակ» անվանումը, միջազգային իրավունքով, բացառաապես Ֆրանսիայի սեփականությունն է: