Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարտական պատրաստվածությունը եւ տեխնիկական հագեցվածությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, կառավարության անդմաների հետ ԱԻ նախարարություն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ (ֆոտոռեպորտաժ)
«Ոգեւորված եմ առաջին հերթին ԱԻՆ մարտական պատրաստվածության եւ տեխնիկական բարձր հագեցվածության համար։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանի դիրքը եւ սեյսմիկ ակտիվությունը՝ այս նախարարությունը մեզ համար շատ կարեւոր է: Որպես վարչապետ՝ պարտավորվածություն եմ զգում, որպեսզի այս կազմակերպված նախարարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Մենք անպայման կփորձենք աջակցել, որպեսզի նախարարությունն ապահովվի արդյունավետ գործունեություն իրականացնելու անհրաժեշտ միջոցներով»,-ասաց նա։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վարչապետին եւ նախարարներին ներկայացրեց ԱԻՆ հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արտակարգ պայմաններում իրականացնել հրդեհի մարման աշխատանքներ եւ փրկարարական գործառույթներ:
Այնուհետեւ ԱԻՆ ծառայողները ցուցադրական վարժանքներ կատարեցին պայմանական սցենարով, ըստ որի, բազմահարկ շենքում տեղի էր ունեցել գազի արտահոսք եւ պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել էին աստիճանավանդակները, բռնկվել հրդեհ, մարմնական վնասվածքներ ստացել բազմաթիվ անձինք: ԱԻՆ փրկարարները, դրսեւորելով մասնագիտական բարձր պատրաստականություն, կարողացան հաջողությամբ մեկուսացնել հրդեհը եւ դեպքի վայրից դուրս բերել տուժածներին:
Կառավարության ղեկավարն այցելեց նաեւ ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական տեսչություն, ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծանոթացել վերջիններիս գործունեությանը: Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվեց ԱԻՆ սերվերային նոր տնտեսությունը, որը հագեցած է բարձրակարգ սարքավորումներով եւ տեխնիկայով:
Այցի ավարտին վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առցանց խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրենց սպասարկման վայրերում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած արտակարգ պատահարների վիճակագրությունը:
Այնուհետեւ վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության օդերեւութաբանական կայանի կայացման եւ զարգացման գործում ներդրած անձնական ավանդի եւ երկարամյա աշխատանքային գործունեության համար «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով պարգեւատրեց Վալենտինա Պաշչենկոյին:
Հովիկ Աբրահամյանը սպայական առաջին՝ լեյտենանտի կոչումներ է հանձնեց նաեւ ԱԻՆ մի խումբ փրկարարների:











