Հայաստանում ինտերնետ պրովայդերները կանգնած են փակվելու վտանգի առջեւ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Արմիքս» հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ինտերնետ հանրություն» հ/կ խորհրդի փոխնախագահ, «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը: Նրա կարծիքով` փակվելու վտանգը փոքր ինտերնետ պրովայդերների համար կանխատեսելի էր դեռ մի քանի տարի առաջ, երբ բջջային օպերատորները սկսեցին նաեւ ինտերնետ ծառայություններ տրամադրել։
«Հայաստանում ավանդական ինտերնետ պրովայդերները այսօր դժվարանում են մրցակցել խոշոր ռեսուրսներ ունեցող մեծ օպերատորների հետ, որոնք օգտագործելով իրենց ողջ հզորությունը եւ այլ ծառայություններից ստացված գումարները`կարող են բավականին շահավետ պայմաններով ինտերնետ ծառայություններ առաջարկել»,- ասաց Տոնեյանը՝ ավելացնելով, որ ավանդական ինտերնետ պրովայդերները չեն կարող նման առաջարկներ անել, քանի որ նրանց գումարները ստացվում են միայն ինտերնետ ծառայությունների մատուցումից։
Տոնեյանի խոսքով՝ արդյունքում ինտերնետ ծառայություն մատակարարող ընկերությունները հայտնվել են անպաշտպան եւ ֆինանսապես ծանր իրավիճակում։
«Չեմ կարծում, որ սա նորմալ պրոցես է, եւ տարիներ շարունակ գործող կազմակերպությունները, որոնք ունեն փորձ, ավանդույթներ, վերջապես բաժանոդներ` պետք է ինչ-որ չափով պաշտպանված լինեն»,- ասաց Ա. Տոնեյանը։
«Ինտերնետ հանրությունը» բազմաթիվ անգամ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, սակայն որեւէ լուրջ արձագանք չի գտել։
«Կան բազմաթիվ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք հայտնվել են փակման եզրին, քանի որ չունեն բավարար միջոցներ իրենց ծառայությունները ընդլայնելու եւ շահավետ ծառայություններ մատուցելու համար»,- ասաց Տոնեյանը՝ ավելացնելով, որ վերջին շրջանում նկատվում է բաժանորդների հոսքը դեպի խոշոր օպերատորներ։ Նրա խոսքով՝ ավանդական ինտերնետ պրովայդերները կամաց- կամաց մրցակցությունից դուրս են մնում. նրանց մնում է կամ միավորվել կամ փակվել, իսկ Xter.net-ը այդ օրինակներից ընդամենը մեկն է։
Լուսինե Մովսիսյան


























