Հայաստանից ավտոբուսով Ռուսաստան մեկնող քաղաքացիներին, որոնք 15 ժամ Ապարանի մոտ էին մնացել՝ ավտոբուսի փչանալու պատճառով, Phoenix Trans ընկերության տնօրեն Նարեկ Մուրադյանը խոստանում է ճանապարհել միայն վաղը:

«Այս պահի դրությամբ մեքենա չենք կարողանում գտնել, Ռուսաստանից եկող մեքենան վաղը կպատրաստենք, որ ձեզ նորմալ ուղարկենք»,- ուղեւորներին ասաց տնօրենը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Նարեկ Մուրադյանի առաջարկը վրդովվեցրեց գիշերվանից ճանապարհին մնացած ուղեւորներին:

«Մենեջերը մեզ ավտոբուսում կալանավորի պես էր պահում, անձնագրերը հավաքել, ձեռքին կանգնել էր, ու ոչ մեկը ձեր համարը չէր տալիս: Պուտինի համարն ունեինք, ձերը՝ ոչ»,- ասաց նրանցից մեկը, ինչին տնօրենն արձագանքեց. «Հեռախոսիս զարյադկեն էր նստել, մորս հեռախոսն եմ վերցրել, եկել»:

Հարցին, թե ինչու էր մեքենան գերեզմանաքարեր տեղափոխում՝ Նարեկ Մուրադյանն արձագանքեց. «Գերեզմանաքարեր չեն, սովորական պլիտա է: Մենք իրավունք ունենք «տամոժնյա»-ով անցկացնելու այդ քարերը: Միշտ էլ արել ենք»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՌԴ քաղաքացի, հղի Տեմո Տամաեւան հայտարարեց, որ պատրաստվում է դիմել ՌԴ դեսպանատուն. «Գիտեին, որ մեքենան փչացած էր, ինչո՞ւ ուղարկեցին: Ես դեսպանատուն եմ դիմելու, ուզում եմ տուն գնալ: Ամբողջ գիշեր ոչ մենք, ոչ երեխաները չեն քնել, մեզ լավ չենք զգում»:

Նշենք, որ ուղեւորատար ավտոբուսը պետք է շարժվեր օգոստոսի 15-ին ժամը 18:00-ին, սակայն Երեւանից դուրս է եկել միայն 20:15-ին: Այսօր առավոտյան ուղեւորներին բերել են ընկերության գրասենյակի մոտ եւ հեռացել: