«Աջ սեկտոր» շարժման զինվորները շարունակում են պայքարել ռուսամետ ակտիվիստների դեմ Ուկրաինայի արեւելքում եւ Կիեւի վրա արշավանք չեն ձեռնարկի, քանի որ իշխանությունները մասամբ կատարել են կազմակերպության պահանջները: Այս մասին տեղեկացրել է շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշը:
«Մեզ հայտնել են այն մասին, որ մեր բոլոր եղբայրներն ազատ են արձակվել, իսկ Եվդոկիմովի հարցը (ՆԳՆ առաջին փոխնախարար Վլադիմիր Եվդոկիմով) այժմ քննարկվում է Կառավարությունում, եւ մենք հույս ունենք, որ նրա հեռացման մասին որոշումը, այնուամենայնիվ, կընդունվի: Մենք հիշեցնում ենք, որ սա թեեւ փոքր, բայց հաղթանակ է, ուստի, հաշվի առնելով ճակատում տիրող իրավիճակը, մենք մեր դիրքերում ենք մնում»,- հայտարարել է Յարոշը:
Ընդ որում, նա իր նախորդ հայտարարությունն անվանել է «բավական հուզառատ»` ընդգծելով, որ «Աջ սեկտորի» անդամները միշտ պատրաստ են ցանկացած վճռական քայլի, «որպեսզի պաշտպանեն իրենց զինվորներին ոստիկանության անօրինություններից»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը դիմել է Ուկրաինայի նախագահին՝ կոչ անելով անհապաղ կարգուկանոն հաստատել ՆԳՆ-ում եւ պաշտոնից հեռացնել առաջին փոխնախարարին, հակառակ դեպքում կհարձակվի Կիեւի վրա:
Իր հերթին ՆԳ նախարար Արսեն Ավակովը Յարոշի գործողությունները նախընտրական PR էր անվանել:











