Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունններին՝ նշելով, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը նպաստեց այն բանին, որ սահմանամերձ գյուղերում նվազեն Ադրբեջանի կողմից արձակած կրակոցները։ Այս մասին գրում է Aravot.am-ը:

«Երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են, դա լավագույն միջոցն է խնդրին խաղաղ լուծում տալու։ Հենց այդ հանդիպումից հետո է, որ նվազել են սահմանին կրակոցները»,- նշել է դեսպանը։ Ջոն Հեֆերնն Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանել է նաեւ, թե ինչ հետեւանքներ կթողնեն ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները Հայաստանի վրա, ինչին դեսպանը պատասխանեց, որ բազմաթիվ քննարկումներ են եղել Հայաստանի կառավարության հետ այդ պատժամիջոցների վերաբերյալ. «Պատժամիջոցները ուղղված են Ռուսաստանի նկատմամբ, ոչ թե Հայաստանի, սակայն դրանք կարող են իրենց հետեւանքները թողնել Հայաստանի տնտեսության վրա, եթե դա Հայաստանին դուր չի գալիս, նրանք պետք է բողոքեն Մոսկվային»։