«Բազե 2014»-ի բացման արարողության ժամանակ օգոստոսի 18-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հումորով արձագանքեց բազեականների ձեռքերի՝ պարբերաբար պայթող փուչիկներին։
«էս սկզբից կրակում էիք, որ վախենա՞մ։ Էդ ո՞վ էր կրակում, հա՜, փուչիկները։ Մեկ է, ինչքան էլ կրակեք՝ չեմ վախենալու»,- կատակեց Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետը ողջունեց բազեականներին եւ նրանց հաջողություն մաղթեց։ «Իր պատմության 12 տարիների ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել ավելի քան 8 հազար երիտասարդների Հայաստանից եւ Սփյուռքից։ Դուք բարձրացնում եք Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում եւ այդ անում եք հայրենասիրության ոգով։ Դրա վառ ապացույցը վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների հակահարվածն է»,- ասաց վարչապետը։
Նշենք, որ 12-ամյա պատմություն ունեցող «Բազե»-ին, ընդհանուր առմամբ, մասնակցել է ավելի քան 8.000 երիտասարդ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից։ «Բազե 2014»-ին Հայաստանի պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում ձեւավորվել է 45 ջոկատ, յուրաքանչյուրում՝ 9 անդամ։ Այս տարի հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ Նրանք ուժերը կչափեն մշակութային, մարզական եւ ինտելեկտուալ մրցույթներում։ Զուգահեռաբար, հավաքի մասնագետների հետ կաշխատեն Հայաստանի պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետները, մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները։











