Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի ինքնասպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Գ.Դավթյանին, Գ.Ղազարյանին եւ օպերլիազոր Մ. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նյութերն օրենքով նախատեսված կարգով տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար:
Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Ա.Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում հիշյալ դեպքի հետ կապված խախտումները եւ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ ապրիլի սկզբին գողության մեջ մեղադրվող Վահան Խալաֆյանն ինքնասպանություն էր գործել, մինչդեռ իրավապաշտպանների կարծիքով՝ կատարվածը սպանություն է ոստիկանական բաժնում:



























