Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից կոնգրեսական Հերրի Ակերմանը քննադատել է Վուդրո Վիլսոնի կենտրոնի կողմից Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին պարգեւատրելու նախաձեռնությունը, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA)։
Վուդրո Վիլսոնի միջազգային գիտական կենտրոնի նախագահ եւ տնօրեն Լի Համիլթոնին ուղղված իր նամակում Ակերմանն այս որոշման առնչությամբ խորը անհանգստություն է հայտնել։ Կոնգրեսականն ընդգծել է, որ «Թուրքիան ոչ միայն առաջվա նման ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ հակաօրինական է համարում Թուրքիայում այդ փաստի ճանաչումը»։ Կոնգրեսականը նաեւ նշել է, որ Դավութօղլուի քաղաքականությունը կտրուկ տարբերվում է Վուդրո Վիլսոնի դիրքորոշումից։
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն հիշյալ կենտրոնի վիճելի որոշումը քննադատելու համար երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին։

























