Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն այսօր՝ օգոստոսի 21-ին, երկօրյա պաշտոնական  այցով ժամանել է Հայաստան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում (ֆոտոռեպորտաժ):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի վարչապետը հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են քաղաքական ու տնտեսական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվելու Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված իրավիճակին: Կողմերը մտադիր են քննարկել առաջացող հակասություններն ու փոխգործակցության ընդունելի ձեւաչափ գտնել:

Բացի այդ, Հայաստանը ծրագրում է հարց բարձրացնել՝ կապված սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու Վրաստանի մտադրության հետ: Այդ մասին նախկինում  հայտարարել էր նաեւ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am