Ճապոնացիները հայտնի են չափազանց թարմ ուտելիքների հանդեպ սիրով, սակայն երիտասարդ ճապոնուհու կողմից «YouTube»-ում տեղադրված հոլովակը զարմացրել է նաեւ համեղ ուտելիքների փորձառու սիրահարներին:
Հոլովակում ուտեստն է, որը պատրաստել է Տոկիոյի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարը, ով մասնագիտացել է էկզոտիկ ուտեստներ պատրաստելու գործում: Որպես կանոն՝ այնտեղ մատուցում են ձիու, հավի միս, ձուկ, բայց այս անգամ ողջ գորտ են մատուցել: Այս մասին հաղորդում է «Fox News»-ը:
«Memory Lane» ռեստորանում կարելի է համտեսել միանգամայն արտասովոր ուտելիքներ, օրինակ՝ փափկամարմին կրիա՝ սոուսով, խոզի ամորձիներ, օձի լիկյոր, տապակած մողես, գորտի բաբախող սիրտ եւ ողջ գորտ՝ բիկա սաշիմի: Սինձյուկու շրջանում գտնվող ռեստորանը գրավում է զբոսաշրջիկներին եւ տեղացիներին, ովքեր էկլեկտիկ ճաշակ ունեն:
Ըստ «FedPost.ru»-ի, սոյայի սոուսով ու կիտրոնի կտորով գորտը շատ տառապանքներ է կրել՝ նախքան սեղանի վրա հայտնվելը: Պատրաստելու ընթացում խոհարարը նրան ծակել է, կտրել, մորթազերծել: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունեցել այցելու աչքի առաջ: Թեեւ գորտը մահացել է խոհարարի դանակի առաջին հարվածից, սակայն ոտքերը շարունակել է շարժել, աչքերը՝ թարթել:
Արագ տպավորվողները կարող են մտածել, որ գորտը դեռեւս ողջ է եւ փորձում է փախչել ափսեի միջից, սակայն իրականում շարժումները հետմահու մկանային կծկումներ են:












