Ադրբեջանի պատվիրակությունը կրկին անհեթեթ հայտարարություններ  է արել  հունիսի 15-ին Նյու Յորքում ընթացող Փոքրածավալ զենքի եւ թեթեւ սպառազինության անօրինական վաճառքի բոլոր դրսեւորումների կանխարգելման, դրանց դեմ պայքարի իրականացման ընթացքը քննելու նպատակով գումարված հանդիպմանը:

Նիստում ելույթ է ունեցել Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, որի ելույթից անմիջապես հետո Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է ելույթի ունենալ, ինչը սակայն մերժվել է հանդիպման քարտուղարության կողմից՝ ժամանակին չգրանցվելու պատճառով:   

Նիստի երկրորդ կեսին, Ադրբեջանի ներկայացուցիչը հերթական անգամ հայտարարություններ է արել ԼՂ հակամարտության, «Հայաստանի կողմից ռազմական վտանգի» եւ այլնի մասին:

Համաժողովի օրակարգի, այնպես էլ` Հայաստանի ելույթի հետ որեւէ կապ չունեցող Ադրբեջանի հայտարարությունն ակնհայտ զարմանք ու տարակուսանք է առաջացրել քարտուղարության եւ հանդիպման ներկաների շարքում, իսկ Հայաստանի պատվիրակությունը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը կրկին անպատեհ առիթով շարունակում է հիշատակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը` օրակարգի եւ քննարկման թեմաներից անկախ: Հայ պատվիրակները հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից բերված փաստերն անհիմն են եւ անընդունելի եւ նշել, որ Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում  ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար:

Հայկական պատվիրակությունն արձանագրել է նաեւ, որ վերջին շրջանում Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի տարբեր համաժողովներին եւ հանդիպումներին, չկարողանալով հանդես գալ առարկայական ու կառուցողական ելույթներով, Ադրբեջանի պատվիրակությունը շարունակաբար նախընտրում է կրկնվող եւ տվյալ օրակարգին չհամապատասխանող հայտարարությունները, եւ հետո էլ դրանց մասին ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով խմբագրականներ է հրամցնում իր սեփական ժողովրդին, թե  իբր ՄԱԿ-ում Հայաստանը եւ Ադրբեջանը հերթական անգամ «բախվել են» ԼՂ հակամարտության հարցի շուրջ քննարկումների ժամանակ:

«Իրականում, մոլորեցնելով ադրբեջանցի ընթերցողին եւ այս անգամ էլ նրան դարձնելով իր քարոզչության թիրախը, պաշտոնական Բաքուն փորձում բացառել իր իսկ կառավարության եւ ժողովրդի միջեւ հերթական «բախումը», որն ի դեպ անխուսափելի գործընթաց է մի երկրում, որտեղ արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացվում է ստերի, հնարովի առասպելների ու լոզունգների հիման վրա»,- նշել են Հայաստանի ներկայացուցիչները: