ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը նորմալ չի համարում կուսակցության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի՝ ՀՀՇ փոխնախագահի պաշտոնից հրաժարական տալու փաստը։ «Եթե կուսակցության փոխնախագահը հրաժարական է տալիս, այնքան էլ նորմալ չի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոցյանը։
Հարցին, թե, ի վերջո, ինչի՞ հետ էր կապված Քոքոբելյանի հրաժարականը, ՀՀՇ վարչության քարտուղարը չասաց` առաջարկելով հարցի պատասխանը ստանալ անձամբ Քոքոբելյանից։ Նա նաեւ հավելեց, որ մամուլի հրապարակումները, թե ՀՀՇ-ում իրավիճակը բարդ է ու լարված, խիստ չափազանցված են։
«Կուսակցությունում սովորական նախահամագումարային վիճակ է»,-նկատեց Հայոցյանը։ Դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀՀՇ-ում ամեն ինչ OK է, Հայոցյանն արձագանքեց. «Չէի ասի, որ ամեն ինչ OK է, բայց այնպես էլ չի, ինչպես որ մամուլում ներկայացված հիստերիան։ Եթե կուսակցության փոխնախագահը հրաժարական է տալիս, այնքան էլ նորմալ չէ։ Բայց այնպես էլ չէ, որ Քոքոբելյանը նեղացել է մեզանից, կռիվ-պատերազմ է եղել, ու նա հեռացել է։ Նման բան չկա, դրանք ընդամենը մամուլի կողմից հորինված բաներ են։ Նա ընդամենը հրաժարական է տվել, մենք էլ ընդունել ենք»:
Ի դեպ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հեռախոսները վերջին մի քանի օրերին անջատված են, ու նրանց հետ կապվել հնարավոր չէ։ Թե որտե՞ղ են նրանք ու ինչո՞վ են զբաղված, հայտնի չէ։ Դատելով ՀՀՇ որոշ ներկայացուցիչների խոսքից՝ Արարատ Զուրաբյանը մայրաքաղաքում է եւ զբաղվում է առաջիկայում տեղի ունենալիք ՀՀՇ 16-րդ համագումարի հետ կապված հարցերով, իսկ Քոքոբելյանը զբաղված է իր հիվանդ մոր հոգսերով։ Վահագն Հայոցյանը վստահեցրեց, որ վերջին անգամ Արարատ Զուրաբյանին տեսել է երեկ, ու միասին ֆուտբոլ են դիտել, իսկ Քոքոբելյանին տեսել է ՀՀՇ վարչության վերջին նիստի ժամանակ՝ հունիսի 12-ին։
Երեկ՝ հունիսի 15-ին, Քոքոբելյանին պատկանող արծաթագույն «Բրաբուս» ավտոմեքենան կայանել էր «Առագաստ» սրճարանի մոտակայքում, սակայն ղեկին Քոքոբելյանի եղբայրն էր։ Ըստ NEWS.am-ին հասած տեղեկությունների՝ Խաչատուր Քոքոբելյանն այժմ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի իր առանձնատուն է տեղափոխվել։ ՀՀՇ մամուլի պատասխանատու Կարեն Կարապետյանը, սակայն, փոխանցեց, որ մոտ երկու ժամ առաջ Քոքոբելյանը Երեւանում էր, իսկ ներկա պահին հայտնի չէ, թե որտեղ է։




























