Իրանի իշխանությունները հայտարարել են նոր սերնդի փոքր հեռահարության հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «The Associated Press»-ին:

Ներկայացված է նորագույն «Ghadir» հրթիռը, որը նախատեսված է ջրի մակերեսի թիրախների ոչնչացման համար: Նրա գործողության շառավիղը 100 կմ է: Պետական լրատվամիջոցների տարածած հայտարարության մեջ նշվում է նաեւ բանակի կարիքների համար «Nasr-e Basir» հրթիռների արտադրության մասին: Դրա գործողության շառավիղը չի նշվում, սակայն այս տեսակը կարող է գործել «անձայն ռեժիմում»:

Հրթիռներից բացի՝ իրանցի զինվորականները հաղորդել են նոր անօդաչու թռչող սարքերի՝ «Karrar-4»-ի եւ «Mohajer-4»-ի մասին, որոնք կարող են թռչել օդային միջավայրի վերին շերտերում: Նշվում է, որ այս սարքերը կարող են հետախուզություն իրականացնել եւ տեղագրական քարտեզներ կազմել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական կարիքների համար:

Իրանը 1992 թվականին սկսեց պաշտպանական արդյունաբերության զարգացումը, որն արտադրում է թեթեւ եւ ծանր սպառազինություն: Իրանի իշխանությունները բազմիցս նշել են, որ ռազմական ներուժի ավելացումը կատարվում է պետության պաշտպանունակության ամրապնդման շրջանակում: