Սիրիացի 5 փախստական կանայք տուժել են տեղացիների եւ Ստամբուլի Քյուչուքչեքմեջ շրջանում բնակվող սիրիացիների միջեւ կռվի արդյունքում: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը:

Լարվածությունը սրվել է օգոստոսի 24-ի երեկոյան, երբ Իքիթելլի թաղամասի բնակիչների շրջանում երկու սիրիացիների կողմից թուրք աղջկա բռնաբարության, ինչպես նաեւ տեղի անչափահասների վրա փախստականների հարձակման մասին տեղեկություններ էին տարածվել: Մի քանի տասնյակ ստամբուլցիներ ուղղորդվել են հարեւան թաղամաս, որտեղ բնակվում են սիրիացիները:

Թուրքերն ավերել են տներն ու գրասենյակները, որտեղ ապրում եւ աշխատում են սիրիացիները: Ամբողջապես ոչնչացվել է տեղի ճաշարաններից մեկը: Կատաղած ստամբուլցիները նաեւ շրջել եւ փորձել են այրել սիրիացիներին պատկանող մեքենաները: Անկարգությունները կանխելու նպատակող տեղի ոստիկանները հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Նմանատիպ միջադեպեր ավելի վաղ տեղի են ունեցել Սիրիայի հետ սահմանակից Ղազիանթեփ եւ Հաթայ նահանգներում: