Չինաստանի հյուսիս-արեւելյան Ցզինին քաղաքում 6-ամյա տղան խաղալիս է եղել երթեւեկելի հատվածում, երբ անսպասելիորեն անկյունից ավտոմեքենա է դուրս եկել: Տեսահսկման խցիկն արձանագրել է, թե ինչպես մեքենան, առանց մեկ վայրկյան անգամ արգելակելու, վրաերթի է ենթարկում փոքրիկին: Mirror-ի փոխանցմամբ, հետաքրքիրն այն է, որ դրանից հետո տղան բարձրացել է գետնից եւ վազել տուն:
Դժվար է պատկերացնել երեխայի հարազատների սարսափը, երբ նրանց ցույց են տվել պատահարի տեսագրությունը: Լրագրողները գրում են, որ տղայի պապիկը սկսել է լաց եղել՝ հասկանալով, որ իր անուշադրության հետեւանքով թոռնիկը կարող էր մահանալ:
Ըստ Vesti.ru-ի, տեսանյութում երեւում է, որ երեխան, ով, կարծես, ողջ մնալու ոչ մի հնարավորություն չուներ, մեջքը բռնած՝ վազել է դեպի տուն:
Պարզվել է, որ տղան դեմքի եւ ոտքերի շրջանում միայն թեթեւ վնասվածքներ է ստացել: Ոստիկանները կարծում են, որ երեխան ողջ է մնացել, քանի որ հայտնվել է ավտոմեքենայի անիվների մեջտեղում: Դատելով տեսագրությունից՝ մեքենայի վարորդը պարզապես չի նկատել տղային:











