Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը գործընկերներին ուղղված մի նամակով կոչ է արել ստորագրել եւ աջակցություն հայտնել անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւին:

«Միացյալ Նահանգները շատ երկար ժամանակ տուրք է տվել Թուրքիայի սպառնալիքներին եւ ձախողել Ցեղասպանության զոհերին ճանաչելու ջանքերը», – գրել է Ադամ Շիֆը, ով նաեւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ է։ Նա ընդգծել է, որ տեւական ժամանակ զոհերին հիշատակելու եւ հարգանքի տուրք մատուցելու բարոյական պարտքը տեղի է տվել երկկողմ հարաբերությունները պահպանելու նկատառումներին։ «Տարիներ շարունակ Ցեղասպանության ճանաչման աջակիցները լսել են նույն պնդումները, թե այժմ դրա ժամանակը չէ։ Ճիշտ հակառակը, այժմ, երբ Թուրքիան աջակցում է Իրանին, ինչո՞ւ պաշտպանել նրան Ցեղասպանությունը ժխտելու հարցում», – գրում է կոնգրեսականը՝ թվարկելով վերջին շրջանում Անկարայի ձեռնարկած մի շարք նախաձեռնություններ եւս, որոնք հակասում են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը։

«Արդյո՞ք մենք պետք է շարունակենք վիրավորել զոհերի հիշատակը՝ կեղծ բարեկամին հանգստացնելու համար», – գրել է Շիֆը։ «Այժմ եկել է ժամանակը վերահաստատելու մեր պարտքը՝ որպես Ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ, եւ հանգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների հիշատակին»։

Նշենք, որ ներկայումս Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթին աջակցում է օրենսդիր մարմնի 143 ներկայացուցիչ։