«Աերոֆլոտ» ընկերությունը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ սկանդալիստ ադրբեջանցին չվերթից չի հեռացվել, քանի որ հայկական կողմը մերժել է ընդունել աղմկարարին:
Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցման՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քրտուղարությունից հաղորդել են, որ Դուբայ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը օգոստոսի 26-ին՝ 05:20-ին, Երեւանի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել, որի պատճառը ուղեւորներից մեկի՝ թմրանյութային հարբածության վիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացու ոչ ադեկվատ վարքագիծն է եղել:
«Հայաստանի տարածքում այդ ուղեւորին իջեցնելու տեղական իշխանությունների կտրականապես մերժման կապակցությամբ որոշում է ընդունվել շարունակել թռիչքն այդ ուղեւորի հետ՝ շարժունակությունը սահմանափակող լրացուցիչ միջոցառումների օգտագործմամբ (ձեռնաշղթաներ)», - նշվում է «Աերոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական մեկնաբանությունում:
Երեւանի օդանավակայանում օդանավի վերալիցքավորումից հետո, չվերթը շարունակվել է: «SU525 ինքնաթիռը Շերեմետեւում վայրէջք է կատարել 09:51-ին (ուշացումը կազմել է 2 ժամ 12 րոպե): Ուղեւորն անմիջապես հանձնվել է ոստիկանններին», - ասվում է ռուսական ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նման խուլիգանական արարքները շատ հաճախ են տեղի ունենում չվերթների ժամանակ:
Որոշ ընկերություններ արդեն կազմել են ուղեւորների իրենց «սեւ ցուցակը», ովքեր պարբերաբար խախտում են ինքնաթիռի կարգուկանոնը: Մասնավորապես, «Աերոֆլոտի» ցուցակում 1800 մարդ է հայտնվել, սակայն փոխադրողները չեն կարող ուղեւորներին արգելել գնել տոմսեր:











