Ղըրղզստանի ժամանակավոր իշխանությունը հունիսի 16-ին հայտարարությամբ դիմել է երկրի ժողովրդին եւ միջազգային հանրությանը՝ Ղըրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին մեղադրելով երկրում անկարգություններ հրահրելու մեջ:
«Հազարավոր մարդիկ են ներգրավված եղել կոտորածների, գողությունների, սպանությունների ու բռնությունների մեջ: Սա ահաբեկչական ներխուժում է, որը պլանավորել եւ իրականացրել է Ղըրղզստանի վտարված նախկին նախագահը»,- «Կոմսոմոլսկայա պրավդայի» հաղորդմամբ՝ նշված է ժամանակավոր կառավարության հայտարարության մեջ:
Իր հերթին Ղըրղզստանի նախկին վարչապետ Ֆելիքս Կուլովը Մոսկվա-Բիշքեկ հեռուստակամուրջի ժամանակ պաշտոնանկ արված նախագահի եղբորը՝ Ժանիշ Բակիեւին, մեղադրել է Ղըրղզստանում անկարգություններ կազմակերպելու մեջ:
«Ժանիշ Բակիեւի ավազակախմբերը ոստիկանների եւ պաշտպանության նախարարության զինվորականների համազգեստներով հարձակվել են ե՛ւ ղըրղզների, ե՛ւ ուզբեկների վրա, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե էթնիկ ուզբեկների հետ կռվում է կանոնավոր բանակը եւ ոստիկանությունը»,- Nakanune.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է Ղըրղզստանի նախկին վարչապետը:
Ղըրղզստանի հարավում շարունակվում են ազգամիջյան բախումները ուզբեկների եւ ղըրղզների միջեւ: Երկրի ժամանակավոր կառավորությունը Օշի մարզում հայտարարել է արտակարգ դրություն, սակայն անկարգություններն անցել են նաեւ հարեւան Ջալալաբադի մարզ, որտեղ եւս արտակարգ դրություն է:
Հունիսի 16-ից Ղըրղզտանում հայտարարված է եռօրյա սուգ: «Յունիսեֆ»-ի հաղորդմամբ, 100 հազարից ավելի մարդ փախել է Ուզբեկստան:


























