Թուրք-իսրայելական լարված հարաբերությունների ֆոնին թուրքական եւ իսրայելական մամուլում իրարամերժ տեղեկություններ են հայտնվում երկկողմ հետագա համագործակցության վերաբերյալ, ընդ որում՝ որոշ լրատվամիջոցներ նշում են, թե ռազմական հարաբերությունները խզվելու են, մյուսները հերքում են լուրերը:

Այս անգամ, թուրքական Taraf-ը գրել է, որ իսրայելական հայտնի Yedioth Ahronoth-ին հարցազրույց է տվել  իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա, ով նշել է, որ դեպի Գազայի հատված  ընթացող թուրքական նավի դեմ իսրայելական զինուժի գործողություններից հետո հանդիպել է  թուրք զինվորականների հետ եւ երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերել՝ շարունակելու ռազմական ոլորտում համագործակցությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ մի շարք իսրայելական ընկերություններ շարունակում են Թուրքիայի հետ բանակցություններ վարել տարբեր նախագծերի շուրջ։ Բացի այդ, առաջիկա շաբաթ Փարիզում անցկացվելիք պաշտպանության ոլորտին նվիրված ցուցահանդեսին իսրայելական ընկերությունների ներկայացուցիչները կհանդիպեն թուրք գործարարների հետ։