««Փարոս» ծրագրում տեղեր կան, որ մինչեւ 32-35 տոկոսով գումարներ են ստանում սխալ տեղեկանքների հիման վրա։ Մի քանի միլիարդ դրամների մասին է խոսքը»,- այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Նիստի ընթացքում բանավեճ է ծագել ՎՊ նախագահի և ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի միջեւ, երբ վերջինս ներկայացրել է պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման հայեցակարգը: Ի. Զաքարյանի կարծիքով` դա ոչ թե հայեցակարգ է, այլ միջոցառումների ժամանակացույց, որտեղ տեսանելի չէ, թե ով է լինելու պատասխանատուն: «Երբ տեղում փորձում ենք պարզել, թե ով է պատասխանատուն, պարզվում է, որ տարածքային կառույցների ղեկավարներին նշանակում է կամ մարզպետը, կամ քաղաքապետը: Խնդիրը սրանով չի լուծվում, 20 կառույցներ եռամսյակը մեկ հանրապետության վարչապետին տեղեկանքներ են ներկայացնելու, բայց ո՞վ է պատասխանատուն»,- նախարարին հռետորական հարցով դիմեց ՎՊ նախագահը: Մ. Մնացականյանին թերեւս այլ բան չէր մնում, քան համաձայնել Ի. Զաքարյանի հետ, որից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս մեկ շաբաթ տրամադրեց հայեցակարգը վերամշակելու համար:


























