Կառավարությունն այսօր որոշել է հրապարակել փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը: Սակայն որոշումից պարզ չէր, թե երբ են այդ ստանդարտները հրապարակվելու, ինչը վարչապետ Տիգրան Սարգսյանին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին դիտողություն անելու առիթ տվեց:

Ըստ վարչապետի` կազմակերպություններից շատերը չեն սպասում, որ ստանդարտները թարգմանվեն, հին ստանդարտներին զուգահեռ աշխատում են: «Մենք կազուսի առաջ ենք կանգնել, կաշկանդում ենք մեր կազմակերպություններին, ստիպում ենք երկակի հաշվապահություն վարել»,- ասաց Տ. Սարգսյանը: Նա ներկաներին հիշեցրեց, որ ոլորտին վերաբերող միջազգային ստանդարտն ընդունելուն պես այն կարող է անարգել կիրառվել մեր երկրում` առանց սպասելու փաստաթղթի հայերեն թարգմանությանը։

Գործնականում, սակայն, ձեռնարկատերն ստիպված է երբեմն կիրառել ե՛ւ հին, ե՛ւ նոր ստանդարտը` կատարելով չարդարացված ծախսեր։ Ըստ վարչապետի` այս խնդիրը պետք է լուծվի, եթե նույնիսկ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն լինի։

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը կիրառվելու է ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավելի քան 90 տոկոսի կողմից: