Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Չինաստանի Պետական խորհրդի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ անվտանգության համաշխարհային  մարտահրավերներին միասին դիմակայելն ավելի արդյունավետ կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Չինաստանի համար, ուստի երկու երկրների միջեւ համագործակցության խորացումն այդ ոլորտում կարեւոր է:

Բաղդասարյանը նույն օրն ընդունել է նաեւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջազգային անվտանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լուկաշ Կուդլիցկու գլխավորած պատվիրակությանը:

Կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջեւ անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որի օգտագործումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Լեհաստանի շահերից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության խորացման հնարավորությունները:

Լուկաշ Կուդլիցկին Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեյի անունից Արթուր Բաղդասարյանին հրավիրել է Լեհաստան: