«Դատելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) առկա տրամադրություններից՝ ԵԽԽՎ Բյուրոն կողմ կքվեարկի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելուն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա, ասաց, որ հանձնաժողովի վերստեղծման պարագայում հայկական կողմը պետք է բոյկոտի դրա աշխատանքները, եւ այդ դեպքում հիշյալ հանձնաժողովն իրավազոր լինել չի կարող։ «Ամենամեծ երեւակայության դեպքում ես չեմ կարղ պատկերացնել, որ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն, ով ամիսներ առաջ իրեն հռչակել էր այդ հանձնաժողովի նախագահ, պիտի հրավիրի հանձնաժողովի նիստ եւ ադրբեջանցի պատվիրակների հետ, առանց հայկական կողմի, քննարկի ԼՂ հարցը»,-նկատեց Զոհրաբյանը՝ ասելով, թե բոյկոտը կլինի միակ ու տրամաբանված քայլը։
«Մեզ համար ուղղակի անընդունելի է ԼՂ հարցը ԵԽԽՎ ձեւաչափ տեղափոխելը, ինչը կարող է էապես վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, թե այդ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման ջատագովը թուրք-ադրբեջանական լոբբին է՝ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի գլխավորությամբ։ «2005 թվականին ԵԽԽՎ-ն ընդունեց մեզ համար ոչ բարենպաստ՝ 1416 բանաձեւը, որի հիման վրա սկսեց գործել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը։ Այն գլխավորող Ռասել Ջոնսթոնը որոշ ժամանակ անց խոստովանեց հանձնաժողովի գործունեության անարդյունավետությունը։ Հիմա բոլորիս հասկանալի է, թե ինչո՞ւ է Չավուշօղլուն, թուրք-ադրբեջանական լոբբիի բարձր հովանավորությամբ, փորձում ԼՂ հարցը տեղափոխել ԵԽԽՎ»:
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը անձնական պատճառներով չի մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին։ Հարցին՝ ինչպե՞ս է փոխհատուցելու իր բացակայությունը, պատգամավորը պատասխանեց, թե նախապես հերթագրվել էր զեկույցների համար, սակայն ԵԽԽՎ կանոնակարգը թույլ չի տալիս, որ բացակա պատվիրակի փոխարեն նրա զեկույցները հրապարակվեն։ Այդուհանդերձ, Զոհրաբյանը երկու օր առաջ կոչ-նամակով դիմել է ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, այդ թվում եւ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուին։ Կոչ-նամակում ասվում է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորումը որեւէ այլ ձեւաչափ տեղափոխելը կարող է խաթարել բանակցային գործընթացը։ «Ժամանակին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության անարդյունավետությունը ԵԽԽՎ-ում մեզանից յուրաքանչյուրին պետք է հուշի ձեռնպահ մնալ նման կարգի անհեռանկար նախաձեռնություններից։ Հուսով եմ, որ ԵԽԽՎ-ն հավատարիմ կմնա իր մանդատին եւ չի փորձի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները օգտագործել որպես աշխարհաքաղաքական գործիք»,-ասված է նամակում։
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց նաեւ, որ հայկական պատվիրակությունը բավական պատրաստված է մեկնում ԵԽԽՎ նստաշրջանին եւ ինքը, թեեւ բացակայելու է, սակայն անընդհատ կապի մեջ է լինելու թե՛ ՀՀ պատվիրակների, եւ թե՛ ԵԽԽՎ իր ակտիվ գործընկերների հետ, որոնցից շատերը, մասնավորապես ՝ Իռլանդիայի, Ուկրաինայի պատվիրակները, Զոհրաբյանի հավաստմամբ, արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել միանալ հայկական կողմի նախաձեռնություններին։ ՀՀ պատվիրակությունը պատրաստել է հայտարարության տեքստ՝ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաակտիվացման վերաբերյալ, որը կներկայացվի ԵԽԽՎ նստաշրջանում։ «Ես վստահ եմ, որ մեր պատվիրակությունը կկարողանա կազմակերպված ձեւով ներկայացնել խնդիրը»,-հույս հայտնեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանը տեղի է ունենալու հունիսի 21-25-ը։




























