Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 17-ին տեղի է ունեցել  Անվտանգության խորհրդի նիստ:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը եւ հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը եւ  փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցի` առեւտրի ոլորտում փաստաթղթաշրջանառության կարգավորման եւ տնտեսության այլ ոլորտներում իրականացվող գործարքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել  հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է բերքահավաքի անկորուստ կազմակերպման տնտեսական, սոցիալական ու քաղաքական նշանակությունը: Այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Նախագահը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրության կենտրոնում պահել բերքահավաքի ամբողջ ընթացքի  լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցների կողմից: