Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քաղաքացի Հայկ Վ-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների համար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վալերի Բ.-ն դիմել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ հայտնել, որ որդու` 1982 թ. ծնված Արամ Բ.-ի հիմնած «Տերմիլենդ» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար, ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Հայկ Վ.-ն գրավադնելով իրեն պատկանող, Բարբյուսի փողոցի թիվ 56 հասցեում գտնվող «Օլիմպիա» հյուրանոցը, վարկ է վերցրել եւ այն ներդնելով վերոհիշյալ ընկերության հաշվեկշռում` յուրացրել է ընկերության գործունեության արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերի հասնող գումարները:

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայկ Վ.-ն համաձայնության գալով «Տերմիլենդ» ՍՊԸ հիմնադիր Արամ Բ.-ի հետ` 2008 թ.-ից փաստացի իրականացրել է ընկերության կառավարչատնօրինչական եւ վարչատնտեսական գործունեությունը, որի արդյունքում ընկերության կողմից իրացված 1.000, 2.500, 5.000 եւ 10.000 դրամ արժողությամբ «Բիլայն» ընկերության հեռախոսների լիցքավորման քարտերի վաճառքից առաջացած գումարներից յուրացման միջոցով հափշտակել է շուրջ 255 մլն դրամ գումար:

Նշված գումարներով Հայկ Վ.-ն ձեռք է բերել «Պորշե Կայեն» եւ «Նիսսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենաներ` վճարելով 23 մլն դրամ գումար, վերանորոգել է Մաշտոցի պողոտայի 37 շենքի թիվ 33 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակարանը ու գնել կենցաղային եւ այլ տեխնիկա:

Շուրջ 4 մլն դրամ գումար որպես բաժնետեր ներդրել է «Լյուքս Պլաստ», «Նոն Գրուպ» եւ «Կ.Պ եւ Գ.Պ.» կազմակերպություններում, որի արդյունքում փաստորեն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները: