Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:
Ինչպես Սանկտ-Պետերբուգից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպումը տեղի է ունենում Սանկտ-Պետերբուգի Կոնստանտինյան պալատում: Բացելով հանդիպումը Դ. Մեդվեդեւը հետաքրքրվել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների որպիսությամբ, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Անձամբ ինձ, ամեն ինչ դուր է գալիս»:
Այնուհետեւ ՌԴ նախագահը խոսել է եղանակի մասին, նկտելով, որ ներկայումս Սանկտ-Պետերբուրգում եղանակը ցրտել է: «Մայիսն անբնական տաք էր, իսկ ձմեռը` խիստ»,- հավելել է նա: Դրանից հետո լրագրողներին խնդրել են լքել հանդիպման սենյակը եւ նախագահներն սկսել են բանակցությունները:
Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի անունից կազմակերպվել է աշխտանքային ընթրիք: Նախատեսվում է նաեւ այցելություն պալատական մառան: Ներկա պահին դեռ անհայտ է, թե արդյո՞ք տեղի կունենա Սարգսյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպում: Նշենք, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ այս հանդիպումը թվով 6-րդն է:
Առաջին բանակցությունները նման ձեւաչափով կայացել են 2008 թվականի նոյեմբերի 2-ին Բարվիխայում: Երկրորդ հանդիպումը կայացել է մեկ տարի անց` 2009-ի հունիսի 4-ին Սանկտ-Պետրեբուրգում: Վերջին եռակողմ բանակցությունները կայացել են Սոչիում այս տարվա հունվարի 25-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգ է ժամանել այսօր` հունիսի 17-ին:



























