«Սոյուզ» տիեզերանավը հունիսի 18-ին ավտոմատ ռեժիմում կցվել է միջազգային տիեզերակայանին: Անձնակազմերն արդեն բացել են դռներն ու ողջագուրվել:
Կայան ժամանած ռուսաստանցի Ֆյոդոր Յուրչիխինն ու ամերիկացիներ Շեննոն Ուոքերն ու Դուգլաս Ուիլոկը միացել են ռուսաստանցի տիեզերագնացներ Ալեքսանդր Սկվորցովին, Միխայիլ Կորնիենկոյին եւ NASA-ի աստղագնաց Թրեյսի Քոլդուել-Դայսոնին, հաղորդում է Pravda.ru-ն:
Հանդիպումից հետո անձնակազմերը, երկրի հետ կապի ժամանակ շփվել են իրենց հարազատների, «Ռոսկոսմոս»-ի եւ NASA-ի ներկայացուցիչների հետ, որոնք գտնվում են թռիչքների կառավարման մերձմոսկովյան կենտրոնում:
«Սոյուզ TMA-19» տիեզերանավը տիեզերք էր թռել Բայկոնուրից՝ հունիսի 16-ին:




























