Logistic Consulting Group-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը քննարկում է «Գրանթ Թորնթոն Ամիո» (Grant Thornton) ընկերության դեմ դատական հայցի հարուցման հարցը: Ըստ NEWS.am-ին տրամադրած տեղեկատվության` 2009 թ. սկզբին 2 ընկերությունների միջև կնքվել են պայմանագրեր հաշվապահական հաշվառման վարման և իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ` կորպորացիայի բիզնես գործընթացների նկարագրությունից հետո:

Դրանից հետո «Գրանթ Թորնթոն Ամիո»-ն միակողմանի խզել է պայմանագրերը` դատա-իրավական մարմինների միջամտությամբ: 

Logistic Consulting Group կորպորացիան հիմնադրվել է 2007 թ., 2008 թ. երկրորդ կիսամյակում ընկերության շրջանառությունը եղել է 250 մլն դրամ (մոտ 800 հազ. դոլար), իսկ 2009 թ.` 0 դրամ:

Grant Thornton Legal and Tax կազմակերպության ղեկավար Հակոբ Թադեւոսյանը NEWS.am-ին պարզաբանեց, որ իսկապես իրենց դիմել է կազմակերպության (այն ժամանակ կազմակերպությունը կոչվել է «Աշեն ռիելթի») տնօրեն Սարգիս Մամյանը, որպեսզի իրականացվեն կազմակերպության վերանվանումը և հիմնադիր փաստաթղթերի անհրաժեշտ փոփոխությունները: Ըստ Հ. Թադեւոսյանի` իրենք պատշաճ կերպով կատարել են աշխատանքները, իսկ պատվիրատուն ստորագրել է ընդունման-հանձնման ակտը, սակայն չի վճարել: Պարտքը կազմել է 1 մլն դրամ (մոտ 3200 դոլար): Իր հերթին, որպես պարտավորությունների ապահովման միջոց, «Գրանթ Թորնթոն Ամիո»-ն չի հանձնել ընկերության կնիքը, պետռեգիստրի վկայականը, կանոնադրությունը: Գործը տեղափոխվել է դատարան: Դատարանը 2 ընկերություններին հորդորել է կնքել հաշտության համաձայնագիր, ինչն էլ տեղի է ունեցել:

Ըստ այդմ` «Գրանթ Թորնթոն Ամիո»-ն վերադարձրել է Logistic Consulting Group-ի՝ իրենց մոտ պահվող գույքը, իսկ վերջինս պարտավորվել է 4 ամիսների ընթացքում հավասար չափաբաժիններով վճարել պարտքը: Հ. Թադեւոսյանի խոսքով` այդ պարտավորությունը չի կատարվել, որից հետո դիմել են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, որն էլ բռնագանձել է անհրաժեշտ գումարը: