Հայաստանի նախագահական նստավայրից ոչ հերքեցին, ոչէլ հաստատեցին այս շաբաթ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին լուրը: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակից հայտնեցին, որ որպես կանոն ՀՀ նախագահի այցերի եւ հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անցած շաբաթ հայտնել էր, թե հնարավոր է Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Դա կախված կլինի հանդիպումների եւ քննարկումների համար նախագահների պատրաստակամությունից եւ ցանկությունից, ասել էր դիվանագետը: «Պետքարտուղար Քերին պատրաստ է անձնապես դեր խաղալ այդ հակամարտության կարգավորման գործում, եթե նրա մասնակցությունը որեւէ բանով օգնի դրա ձեռքբերմանը», - ասել է դիվանագետը:
Իսկ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, թե Սերժ Սարգսյանը համաձայնվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Քարդիֆում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:





























