Եվրահանձնաժողովը 138 մլն եվրոյի չափով տուգանել է Samsung Electronics, Royal Philips եւ Infineon Technologies AG ընկերություններին՝ անօրինական կերպով բջջային հեռախոսներում եւ բանկային քարտերում օգտագործվող չիպերի վաճառքի գներ սահմանելու համար: Գործի մասնակիցներից մեկն արդեն հայտարարել է կարգավորող մարմնի որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

Եվրահանձնաժողովի վճռի համաձայն՝ Samsung-ը, Philips-ը եւ Infineon-ը համաձայնության են եկել եւ այն իրականացրել են 2003թ. սեպտեմբերից մինչեւ 2005թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Ընկերությունները քննարկել են շուկայում իրենց վարքը եւ կոմերցիոն գաղտնի տեղեկություններ փոխանակել գնի, հաճախորդների, պայմանագրերի շուրջ բանակցությունների եւ արտադրական հզորությունների վերաբերյալ:

Samsung-ը տուգանվել է 35.1 մլն եվրոյի չափով, Philips-ը պետք է 20.1 մլն դոլար վճարի, իսկ Infineon-ը՝ 82.8 մլն եվրո: Վերջինը հերքում է իր մեղքը եւ արդեն հայտարարել է որոշումը Լյուքսեմբուրգում Եվրամիության Գլխավոր դատարանում բողոքարկելու մտադրության մասին: Մեղադրանքներին Samsung-ի եւ Philips-ի արձագանքը դեռեւս հայտնի չէ:

Ըստ Bloomberg գործակալության, Renesas Technology-ն նույնպես գործարքի մասնակից է եղել, սակայն ճապոնական ընկերությունը խուսափել է պատժից, քանի որ հենց նա է պատմել գործարքի մասին: