«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությամբ վաղը` հունիսի 19-ին Երեւանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի մոտ) կազմակերպվելիք համերգը չի կայանա, քանի որ քաղաքապետարանը թույլտվություն չի տվել: Այս մասին այսօր` հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանը:
Մինչ այդ, նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 19-ի երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում կայանալու է համերգ՝ ի համերաշխություն օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ քաղաքացիական շարժման նպատակների: Համերգին մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել Դավիթ Ամալյանը, Վահան Արծրունին, «Արմենոիդս»-ը, Էդվարդ Զորիկյանը, Վահրամ Թաթիկյանը, ՀՏ Հայկոն, Ռուբեն Հախվերդյանը, Մհեր Մանուկյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Շուշան Պետրոսյանը:
«Մի քանի օր առաջ մեր նախաձեռնող խմբի անունից քաղաքապետարան էր ներկայացվել համապատասխան դիմում՝ որպես ի գիտություն, որ մենք շաբաթ օրը երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնին հարակից հրապարակում անցկացնելու ենք համերգ։ Երեկ երեկոյան դա քննարկվել է լրագրողների, իրավաբանի ու մեր նախաձեռնող խմբի ներկայացուցչի ներկայությամբ և ոչ մի խնդիր չի առաջացել. ուղղակի ասել են, թե մենք պետք է Կենտրոնի թաղապետարանի սանմաքրմամբ զբաղվող «Մաքրություն» ընկերությունից թուղթ ներկայացնենք, որ մեր կազմակերպությունը կոմունալ բոլոր խնդիրները լուծելու է։ Մեզ այդ թուղթը չտրամադրեցին, որովհետև նախ մեզնից մեծ գումար պահանջեցին, հետո համաձայնեցին 50 000 դրամով տրամադրել։ Բայց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հետ հանդիպումից հետո, երբ վերջինս տեղեկացել է միջոցառման բովանդակության մասին, սկսվել են խոչընդոտները»,-նշեց Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, Կենտրոն վարչական շրջանի «Մաքրություն» ծառայության աշխատակից Հարություն Արոյանը իրենց նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանին հեռախոսով հայտնել է, որ եթե նույնիսկ 500 000 դրամ վճարվի, միևնույնն է, իրենք այդ թուղթը չեն տրամադրելու, իսկ դա նշանակում է, որ քաղաքապետարանը չի տրամադրելու միջոցառումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ փաստաթուղթը:
Ասուլիսին ներկա Հելսինկյան ասոցիացիայի իրավաբան Ռուբեն Ռեւազյանը նկատել է, որ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքը նշում է, թե միջոցառման մասին իրազեկելու համար ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնել քաղաքապետարան, եւ սանծառայությունների ապահովման այդ թուղթը դրանց մեջ չի մտնում:



























