Ցանկալի է, որպեսզի հայկական կողմը գիտակցի ղարաբաղյան հակամարտության մասով հանդիպումների քանակի՝ որակի վերաճելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը։

Նրա խոսքով, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը մտքերի ինտենսիվ փոխանակություն է տեղի ունեցել։ «Մենք կարծում ենք, որ նախագահների մակարդակով ցանկացած հանդիպում կարեւոր է ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհին»,- ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ ասել է Պոլուխովը։

«Ադրբեջանի դիրքորոշումը հետեւյալն է. այսօր կա հայկական եւ ադրբեջանական կողմերին ներկայացված փաստաթուղթ, որը թույլ է տալիս դուրս գալ բանակցային գործընթացի նոր մակարդակ»,- ասել է Պոլուխովը։