Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, բանակցություները տեւել են 40 րոպե: Հանդիպման վերջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են մեկնաբանություններից:

Այնուհետ միջնորդները հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կողմերը քննարկել են բանակցությունների ընթացքն ու համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան հուլիսի սկզբին:

Նշենք, որ նախօրեին Կոնստանտինովյան պալատում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ հստակեցվել են դիրքորոշումներն այն հարցերում, որոնց շուրջ դեռ համաձայնություն ձեռք չի բերվել: