«Փախստականները եւ միջազգային իրավունքը» ցանցը փախստականի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել:
«Հունիսի 20-ին աշխարհում նշվում է փախստականի օրը: 22 տարի առաջ Ադրբեջանի հայությունը հերթական անգամ դարձավ սեփական իշխանությունների եւ գազազած խաժամուժի հարձակման, խոշտանգումների ու հալածանքի զոհը: 22 տարի շարունակ կես միլիոնից ավելի ադրբեջանահայեր մնացին փախստական` վտարված լինելով հայրենի օջախներից:
Մենք ցավով ենք արձանագրում այն փաստը, որ մարդկանց փախստական դառնալու պատճառները թեեւ կարող են տարբեր լինել, սակայն հետեւանքները փախստական դարձածների համար միշտ նույնն են` անօթեւան, կիսասոված կյանք, ապագայի նկատմամբ անվստահություն, հայրենիքի կարոտ, բռնություններ նախաձեռնողների կողմից փախստականների գույքի կողոպուտ եւ ոչնչացում, մարդկային զոհեր:
Մենք մեր ցավակցությունն ու համակրանքն են հայտնում Ղրղզստանի հարավում` Օշ եւ Ջալալաբադ քաղաքաներում ու դրանց հարող շրջաններում ազգամիջյան բախումներից տուժած բոլոր անձանց եւ կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհապաղ անհրաժեշտ միջոցներ` աջակցելու բախումների արդյունքում փախստական դարձած ուզբեկ փոքրամասնությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Ցանցի անդամները հույս են հայտնել, որ մարդկանց ճակատագրում փախստական լինելու դառը ժամանակահատվածը անհամեմատ ավելի կարճ կլինի, քան` ադրբեջանահայության պարագայում:
Նշենք, որ ղըրղզների եւ ուզբեկների միջեւ երկրի հարավում ծայր առած անկարգությունների ժամանակ զոհվել է 191 մարդ, 400 հազարը ստիպված էին լքել իրենց տները:



























