Իսրայելի Կնեսետը հունիսի վերջին մտադիր է քննարկել 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության հարցը: Իսրայելի կառավարության հետ համաձայնության արդյունքում այդ քննարկումները տեղի են ունենալու ոչ թե խորհրդարանի լիագումար նիստում, այլ Կնեսետի հանձնաժողովներից մեկում: Ամենայն հավանականությամբ դա կլինի արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հանձնաժողովը:

Միաժամանակ, որոշ ամերիկյան դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսմեններ հայտարարել են, որ վերանայել են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Նրանք անհանգստություն են հայտնել այն փաստի առթիվ, որ Անկարան ի հաշիվ Իսրայելի հետ իր ավանդական դաշնակցային հարաբերությունների, որոշել է խորացնել հարաբերություններն Իրանի հետ: հաղորդում է Mignews-ը:

Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջեմ Օգուզն ասել է, որ եթե Իսրայելը ճանաչի հայերի ցեղասպանությունը, ապա Թուրքիայի պատասխանը կլինի շատ խիստ: «Թուրքիան չի հանդուրժի նման վերաբերմունք Իսրայելի կողմից՝ իր նկատմամբ, եւ մենք կձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի Իսրայելը պատասխան տա այդ որոշման համար: Դա կբերի երկու երկրների միջեւ հարաբերությունների էլ ավելի վատացման, եւ Իսրայելում դա շատ լավ հասկանում են»,- ասել է Օգուզը: