«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխությունները ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի՝ նորմալ ու տրամաբանական են։ Այս մասին նա ասաց հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում օրենքում կատարված փոփոխությունները, որոնք քննադատության արժանացան միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից։
«Իմ կարծիքը կարող եմ ասել, որը տարբերվում է միջազգային հեղինակավոր կառույցների կարծիքից։ Իմ կարծիքով այդտեղ մի կետ կա, որի մասին խոսում են, սակայն դա այդպես չի»,-նկատեց Հարությունյանը՝ բառացիորեն ասելով. «Օրինակ ասում են, որ եթե թվայնացման գործընթաց լինի, ապա սահմանափակվում է ալիքների քանակը եւ դա կարող է բերել նրան, որ «Ա1+»-ը չունենա հաճախություն։ Հիմա, եթե Ա1+»-ը չի ունենալու հաճախություն, ի՞նչ տարբերություն, կլինի 18, 25 թե 50 ալիք։ Չէ որ նախկինում հաճախություններն ավելի շատ էին եւ «Ա1+»-ը չունեցավ իր հաճախությունը։ Այսինքն, այստեղ խնդիրն այլ բանում է եւ օրենքը կապ չունի։ Իսկ այն, որ պետք է ավելի քիչ ալիքներ լինեն, ինձ համար տարօրինակ է, որ միջազգային կառույցները դա չեն հասկանում։
Ինչ-որ մի շրջան ալիքների քանակը պիտի ավելի սահմանափակ դառնա, որովհետեւ, գիտեք, որ ալիքները մինչեւ 2015 թիվը ունենալու են երկու հեռարձակում՝ անալոգային եւ թվային։ Եւ բանականաբար այսօր առկա հաճախությունների թիվը թույլ չի տալիս, որպեսզի այն կրկնապատկենք։ Բայց 2015-ից հետո, երբ անալոգային հեռարձակումը կանջատվի, բնականաբար կառաջանան բազմաթիվ նոր հաճախություններ եւ դրանց վրա կառաջանան բազմաթիվ նոր թվային հեռարձակող ալիքներ։ Այսինքն, մինչեւ 2015 թիվը ալիքների թիվը կպակասի, բայց 2015-ից հետո կտրուկ կաճի»։
Ա. Հարությունյանը նկատեց, որ այսքանը հասկանալու համար «շատ մեծ գիտելիքներ պետք չեն», եւ «ովքեր քննադատում են այս օրենքը, պետք է նաեւ հասկանան ամբողջ գործընթացը, որը մենք օդից չենք հորինել, բոլոր երկրներում այդ նույն գործընթացը կա»։ NEWS.am-ի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ միջազգային հեղինակավոր կառույցների քննադատությունները, նրանք դիլետա՞նտ են, ոլորտին անտեղյա՞կ, եւ այդ պատճառո՞վ են քննադատում օրենքում կատարված փոփոխությունները՝ Հարությունյանն արձագանքեց. «Ձեր ասած հեղինակավոր կազմակերպությունների մոտ միշտ առկա է եղել մի թեմա, իդեա ֆիքս՝ Ա1+»-ը։ Եւ ցանկացած օրենք, որը կվերաբերի, ասենք, մանկապարտեզներին եւ այնտեղ նրանք տեսնեն մի բան, որը կարող է վտանգել Ա1+»-ի եթեր վերադառնալը, ապա այդ քննադատությունը կլինի»։
Հիշեցնենք, որ Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հունիսի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ էր արել չստորագրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունները, քանի որ դրանք «բացասական ազդեցություն կունենան Հայաստանում բազմակարծության եւ տեղեկատվության ազատության վրա»: Իսկ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել էր, որ օրենքի վերջին փոփոխությունները հեռարձակման ոլորտում բազմակարծությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում։
Նշենք, որ չնայած այս հորդորներին, օրենքը ստորագրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։




























