Հանրային հեռուստատեսության եթերում այսօր շատ չէ ցածրորակ հաղորդումների եւ ֆիլմերի թիվը, դրանք տարեցտարի նվազում են։
Այս մասին հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։ Նա նաեւ նշեց, որ Հանրայինի եթերն այսօր մաքրվել է էժանագին հումորներից, լատինաամերիկյան սերիալներից ու կրիմինալից. «Առանց այդ աղբի էլ շատ արագ վերականգնվեց մեր վարկանիշը, շատ արագ ձերբազատվեցինք լատինամերիկյան սերիալներից ու 32 ատամներից»:
Հարությունյանը որպես օրինակ բերեց «Աննա» հեռուտասերիալը, որը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խոսքով, այսօր կրկնակի մեծ լսարան ունի, քան ցանկացած կրիմինալ հեռուստասերիալ։ Նա հավելեց նաեւ, որ այս աշնանն իրականացվելիք նախագծերը հնարավորություն կտան, որպեսզի Հանրային հեռուստատեսությանն ավելի քիչ քննադատեն։
Նշենք, որ ավարտվել են Հանրայինի կողմից նկարահանվող «Խաչագողի հիշատարականը» ֆիլմի աշխատանքները, եւ այն շուտով կցուցադրվի կինոթատրոններում։ Ֆիլմի հեռուստատեսային՝ հինգ մասից բաղկացած տարբերակը կցուցադրվի աշնանը։ Ավարտին են մոտենում նաեւ մեկ այլ՝ «Արտիստը» ֆիլմի նկարահանումները։ Ալեքսան Հարությունյանն ասաց, թե խոստումը, որ «Հ1»-ը էկրանավորելու է հայ դասականների գործերից շատերը, ուժի մեջ է։




























