Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ստոր սադրանք» է անվանել ադրբեջանական զինված ուժերի հետախուզական խմբավորման փորձը` ներխուժել ԼՂՀ տարածք: Սերժ Սարգսյանը ներկայումս գտնվում է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ հունիսի 17-ին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ մասնակցել է ԼՂ խնդրի կարգավորման հարցով եռակողմ հանդիպմանը:

«Նախօրեին ուշ երեկոյան ես տեղեկություններ ստացա, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ներխուժել ԼՂՀ տարածք: Նրանց փորձերը կանխվել են: Ադրբեջանական կողմը զոհեր է տվել, բայց ցավոք, զոհեր են եղել նաեւ մեր կողմից»,- նշել է ՀՀ նախագահը:

Նա իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին: «Ես գիտակցում եմ, որ շատ դժվար է մեղմել նրանց ցավը, սակայն դա հնարավոր է անել Հայաստանի ու ԼՂՀ-ի պետականություններն ամրապնդելու ճանապարհով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:  

Ինչպես Սանկտ-Պետերբուրգից հայտնեց NEWS.am-ի հատուկ թղթակիցը, ՀՀ նախագահը հայտարարել է, որ սադրանքներն անընդունելի են, իսկ այդ ստոր սադրանքն էլ ավելի անընդունելի է, քանի որ այն տեղի է ունեցել Ռուսաստանի միջնորդությամբ Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից ժամեր անց: «Սա նշանակում է, որ միջնորդները պետք է մտորեն, քանի որ սադրանքները, մնալով անպատիժ, չեմ ասում անպատասխան, հանգեցնում են նման եւ դեռ ավելի վատ հետեւանքների: Դա  նաեւ անհարգալից վերաբերմունք է՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահներին»,- ասել է նա:

Նախագահ Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ հայկական կողմը մտադիր չէ վերանայել իր դիրքորոշումները այս սադրանքի պատճառով, քանի որ «մենք շատ գիտակցաբար ենք մասնակցում բանակցություններին եւ չենք շեղվի մեր նպատակներից»,- ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված:

Թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին ետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:

Նշենք նաեւ, որ հունիսի 17-ին Սանկտ-Պետրեբուրգում կայացել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: