Ադրբեջանական զինված խմբավորման՝ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերվա ներխուժումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ադրբեջանական իշխանության նյարդայնության արդյունք է։ Հունիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման միտք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, այսօրինակ մասշտաբով զինվորական օպերացիան չէր կարող սովորական պատահականություն կամ տեղական զինվորական հրամանատարության որոշում լինել։ «Կրակոցներ ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում պարբերաբար լինում են, եւ դա ոչ ոքի համար գաղտնիք չէ,սակայն նմանօրինակ գործողությունները դուրս են այդ շրջանակներից»,- հայտարարեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ կատարվածը, հնարավոր է, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպման արդյունք լինի։ «Ալիեւի տրամադրությունն, ակնհայտորեն, փչացրել են։ Կարծում եմ՝ հրամանը տրվել է այդ հանդիպումից հետո»,- ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով, միջազգային հանրությունը կքննադատի ագրեսորի գործողությունները։ «Չեմ կարծում, որ միջազգային հանրությունը հավանության արժանացնի այս քայլը, սակայն չարժե սպասել նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների»։
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 18-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:




























