Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ոչնչի չբերեց, չէր էլ կարող բերել։ Հունիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման միտք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը պատրաստ չէ գնալ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին գոհացնող զիջումների։ «Ադրբեջանն այժմ ներքին շատ խնդիրներ ունի, եւ եթե իշխանությունները նման քայլի գնան, դա նրանց վախճանը կնշանակի»,- հայտարարեց Իսկանդարյանը։
Խոսելով մադրիդյան «նորացված» սկզբունքների մասին՝ քաղաքագետը նշել է, որ նման հասկացություն ընդհանրապես գոյություն չունի։ «Մադրիդյան սկզբունքները պայմանագիր չեն, այլ երկու եւ ավել կողմերի շփման քաղաքական լեզու։ Հայաստանը հրաժարվել է անցնել մադրիդյան «նորացված» սկզբունքերի ձեւաչափին եւ դա դուր չի գալիս ադրբեջանական կողմին»։
Նշենք, որ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից անմիջապես հետո Ալիեւը վերադարձել էր Բաքու՝ չցանկանալով մասնակցել կայանալիք տնտեսական համաժողովին։




























