Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգի համալսարանում կարճատեւ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում մասնակցել են  Երեւանի եւ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը: Փաստաթուղթը ստորագրել են երկու համալսարանների ռեկտորներ Արամ Սիմոնյանն ու Նիկոլայ Կորպաչեւը:

ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շփման գծում ադրբեջանական զինուժի կազմակերպած վերջին հարձակմանը: Նա մասնավորապես «ստոր սադրանք» է անվանել ադրբեջանական զինված ուժերի հետախուզական խմբավորման ԼՂՀ տարածք ներխուժելու փորձը: « Սա նշանակում է, որ միջնորդները պետք է մտորեն, քանի որ սադրանքները, մնալով անպատիժ, չեմ ասում անպատասխան, հանգեցնում են նման եւ դեռ ավելի վատ հետեւանքների: Դա  նաեւ անհարգալից վերաբերմունք է՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահներին»,- ասել է Սերժ Սարգսյանը: