«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» մամուլի ակումբներում հրավիրվող մամուլի ասուլիսների լուսաբանման մոնիտորինգ է իրականացնում: Կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոնիտորինգն իրականացվում է 2010 թվականկի մայիս ամսից եւ, ըստ ամենայնի, այն կշարունակվի մինչեւ այս տարվա սեպտեմբեր: Մոնիտորինգի նպատակն է պարզել` ինչպիսի՞ հետաքրքրություն են ցուցաբերում հեռուստաընկերությունները մամուլի ասուլիսների նկատմամբ եւ հատկապես ո՞ր ասուլիսներն են լուսաբանում: Սեպտեմբերին, ինչպես փոխանցեց Աշոտ Մելիքյանը, կամփոփվեն մոնիտորինգի արդյունքները:
Հարցին, թե ըստ մոնիտորինգի տվյալների, հատկապես ո՞ր գործիչների նկատմամբ են հեռուստաընկերությունները հետաքրքրություն ցուցաբերում, Կոմիտեի ղեկավարը առայժմ ձեռնպահ մնաց որեւէ բան ասելուց՝ միաժամանակ հավելելով, թե մոնիտորինգի վերջնական պատկերը պարզ կդառնա միայն նախատեսված ժամանակարջանի տվյալներն ամփոփելուց հետո:


























