ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կանատ Սաուդաբաեւի  հայտարարությունը Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավելու անհրաժեշտության մասին, ուղղակի խախտում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի որոշումը՝ ղարաբաղյան հարցում կազմակերպության նախագահող երկրի չեզոքության մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, նման հայտարարությունները ստվերում են ոչ միայն Ղազախստանը, այլեւ ԵԱՀԿ-ն: «Անկարային բանակցային գործընթացում ներգրավելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման, քանի որ հարցի լուծման մանդատը պատկանում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություններին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային: Ցանկացած այլ ձեւաչափ ընդունելի չէ հայկական կողմի համար»,- նկատել է Շարմազանովը՝ հավելելով, որ Ադրբեջանն ինքն է հայտարարել, թե Անկարայի մասնակցությունն անհնարին է, քանի որ դրա համար հարկավոր է հայկական կողմի համաձայնությունը: «Եթե Սաուդաբաեւը ցանկանում է օգնել Թուրքիային, ավելի լավ է հուշի, թե ինչպես լուծի քրդական հարցն ու ժողովրդավարության խնդիրները»,- խորհուրդ է տվել Շարմազանովը:

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար-պետքարտուղար Կանատ Սաուդաբաեւը  հունիսի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե Ղազախստանն ընդգծում է Թուրքիայի կարեւոր դերը ղարաբաղյան կարգավորման մեջ: «Մենք չէինք կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, լուրջ ջանքեր ենք գործադրում այսպես կոչված սառեցված հակամարտություններում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, եւ Թուրքիայի մասնակցությունը դրանց կարգավորման հարցում շատ կարեւոր է»,- նկատել է Սաուդաբաեւը:

Նշենք, որ ավելի վաղ իր տարածաշրջանային այցի շրջանակներում Սաուդաբաեւը Երեւանում հայտարարել էր բանակցություններին մասնակցելու Ղազախստանի ցանկության մասին, բայց Երեւանը հասկացրել էր, թե նման նախաձեռնությունն անընդունելի է հայկական կողմի համար: